Տարածքը՝ 4,396 քառ. կմ
Բնակչությունը՝ 5,614 մարդ
Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 68 կմ
Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1,585 մ
Տնտեսության առաջատար ճյուղերը՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն
Հեռախոսային կոդ՝ +374 (2492)
Փոստային ինդեքս՝ 0501
Թալինը Այրարատ նահանգի Արագածոտն գավառի հնագույն բնակավայրերից է:Թալին /Թալնա/ կոչվող հարթավայրը մտնում էր Հայաստանի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ:Թալինը ռազմական ու տնտեսական առումով կարեւոր դիրք է գրավել երկրի կյանքում: Լինելով հայոց հին մայրաքաղաքները կապող ճանապարհների եւ Այրարատի ու Շիրակի դաշտերին իշխող լեռնային բարձունքների վրա, այն մեծ դեր է խաղացել հայոց պատմության բոլոր ժամանակներում: Թալինը Կամսարական հզոր իշխանական տոհմի ոստանն էր:
 Թալին՚ անվան առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են են Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանագրությունների ժամանակաշրջանին: Այդ արձանագրությունները փաստում են. ՙԱրտենի լեռան մոտ ծիպայան երիտասարդները սպանել են արքայական երկու հետախույզների՚:Թովմա Արծրունին իր ՙՊատմություն Արծրունյաց տան՚ աշխատության մեջ փաստում է. ՙՋաջուռը /Արծրունին/ վերցրեց նրան /Ենանոսին/ եւ կահ-կարասիով ու ամեն տեսակ պատրաստությամբ բնակեցրեց Արագածի կողմերը` Թալին անունով գյուղում: Սա առաջինն է Բագրատունիների տոհմից, որը եկավ եւ բնակվեց Այրարատի նահանգի այս մասում՚:Այնուհետեւ Թալին անունը հիշատակում է հույն նշանավոր աշխարհագրագետ Պտղոմիեոսը` 2-րդ դարում: Թալա կամ Թելինա անունը հետագայում կրկնվում է Ղեւվոնդ Ալիշանի եւ հայ ժողովրդի պատմության ու մշակույթի այլ երախտավորների գործերում:
 Թալինի մասին առաջին հիշատակությունները մեզ տալիս են նյութական եւ հոգեւոր մշակութային այն բազմաթիվ հուշարձանները, որոնք առատորեն սփռված են Թալինի ողջ տարածքում:Այստեղ պահպանվել են կիկլոպյան մի շարք կառույցների մնացորդներ, բերդ-շեներ, կրոմլեխներ, դամբարաններ եւ որձաքարերով կառուցված բազմաթիվ կառույցներ: Դրանք գտնվում են Հին ու Նոր Թալինների` Բազմաբերդի, Մաստարայի, Ծաղկասարի, Աշնակի, Արեգի, Դաշտադեմի եւ այլ բնակավայրերի տարածքներում: Դրանց մեջ նշանավոր է Թալինի հյուսիսային բլրի վրա գտնվող Բերդաշենը` Գյուլակ-Թափան:
Թալինը եւ նրա շրջակայքի բնակավայրերը դարեր շարունակ ենթարկվել են օտար նվաճողների ասպատակություններին: Հովհաննես Կաթողիկոս Դրասխանակերտցին հաղորդում է. ՙԵկավ այդ ժամանակ Սուլեյման իշխանը` /արաբ կառավարիչ/ իշխելու Հայաստանի գործերին… Սրա օրոք տեղի ունեցավ Քաղենիի, Արենիի եւ գյուղաքաղաք Թալինի կոտորածը, որի ժամանակ սպանվեց 700 եւ գերեվարվեց 1200 հոգի: Ստեփանոս Տարոնցի Ասողիկ պատմիչը այս կոտորածներն անվանում է ՙԹալնա կոտորած՚ եւ նշում այդ իրադարձության մոտավոր ժամանակը — 776-775 թվականներ:1161-1162 թվականներին սելջուկ Ելտկուզ Ամիրան հանկարծակի հարձակվում է Թալինի, Աշնակի եւ Քաղենիի վրա, գրավում է դրանք, կոտորում եւ գերեվարում բնակիչներին: 1514 թվականին օսմանյան Սելիմ 2-րդը, վերադառնալով Պարսկստանի դեմ մղած պատերազմներից, մեծ կոտորածներ է սարքում Թալինում եւ նրա շրջակայքի գյուղերում:
19-րդ դարի սկիզբներին Քաղենիի ավերակների հյուսիսային մասում առժամանակ բնակություն են հաստատում մի խումբ քոչվոր թուրքեր, որոնք իրենց բնակավայրը անվանում են Թուրքի Թալին` ի տարբերություն հարեւանությամբ գտնվող Թալինի:Երբ ռուսական զորքերը ազատագրում են Արեւելյան Հայաստանը, հայ գաղթականների 50 ընտանիք Կարսից գալիս եւ վերաբնակվում է ավերակ Քաղենիում: Բնակչության մեծ ներհոսք է կատարվում հատկապես 1915-1920 թվականներին, երբ Արեւմտյան Հայաստանից Մեծ եղեռնից մազապուրծ շատ հայեր իրենց ապաստանը գտան Թալինում:Թալինի տարածքը հարուստ է քրիստոնեական հնամենի կառույցներով: Դրանց գլուխգործոցն է 7-րդ դարում Հովհաննես ճարտարապետի կողմից կերտված Վերին Թալինի եկեղեցին: